ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Գարո Փայլանին՝ Նիկոլ Փաշինյանին սատարելու հարցում. Aravot.am

Սերժ Սարգսյանը կտրուկ մերժել է Գարո Փայլանին՝ Նիկոլ Փաշինյանին սատարելու հարցում. Aravot.am

Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ:

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Մասնավորաբար, Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա:

Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»: Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի եւ Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:

Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Գարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:Սերժ Սարգսյանը հստակեցրել է իր մոտեցումները նաեւ այս հարցում՝ ասելով, որ համաշխարհային պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ խաղաղություն են կնքում խաղաղություն խնդրողի հետ. այդ դեպքում կնքվում է կապիտուլյացիա. «Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, հետեւաբար, խաղաղության այս թեզերը կեղծ են եւ որեւէ իրական քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմքեր չունեն»:

Aravot.am-ն այս ամենի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ ՀՀԿ-ից: Թե առաջին, թե երկրորդ կառույցներում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին այս տեղեկությունները:

  • Կիսվել: