երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը՝ «Հարսնաքարում» ասուլիս հրավիրելու և Ռուբեն Հայրապետյանի մասին

Սերժ Սարգսյանը՝ «Հարսնաքարում» ասուլիս հրավիրելու և Ռուբեն Հայրապետյանի մասին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքում նշեց, որ մի քանի տարի է, ինչ «Հարսնաքարում» ծնունդներ, հարսանիքներ են անցկացվում, և եթե ողբերգական դեպք էր տեղի ունեցել այդտեղ, ի՞նչ է, պետք է փակվեր համալիրը։

Լրագրողները հարց հնչեցրին այն մասին, թե ինչու՞ է ասուլիսը կազմակերպվել հենց այդ վայրում՝ հաշվի առնելով նաև տարիներ առաջ այդ համալիրում տեղի ունեցած ողբերգությունը։

«Մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր և մնացածի անվտանգությունն, իհարկե, մենք շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որը տեղի է ունեցել այս հատվածներում, այո, ողբերգություն էր, բայց նաև հիշում ենք, որ այդ ողբերգությունն ունեցավ քաղաքական հետևանքներ, մենք հիշում ենք, որ տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պահանջներ:

Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվել, իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը, տեղի ունեցավ դատավարություն։ Այո, ողբերգություն տեղի է ունեցել, և այդպիսի ողբերգություններից որևէ տեղ, որևէ վայր ապահովագրված չէ: Փառք տանք Աստծուն, որ նման ողբերգությունները քիչ են: Եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, պետք է խա՞չ քաշել այդ վայրի վրա,  ես այդպես չեմ համարում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը: Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:

  • Կիսվել: