երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

«Խոր ցավով տեղեկացա համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներից մեկի, լայն աշխարհայացքի տեր մտավորականի և վառ անհատականության` Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին, ում հետ իմ յուրաքանչյուր հանդիպումը ջերմությամբ եմ հիշում: Անուրանալի է նրա ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում:

Քշիշտոֆ Պենդերեցկու ապրած կյանքը, հիրավի, աստվածաշնորհ առաքելություն էր:

Աստված թող լուսավորի և խաղաղության մեջ պահի նրա ազնիվ հոգին:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Քշիշտոֆ Պենդերեցկու այրուն` Էլժբիետա Պենդերեցկային, անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»-, ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

  • Կիսվել: