հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Նախկինում նաեւ թերություններ են եղել, բայց սրանք եկել են այդ թերությունները բազմապատկել են. Սեյրան Օհանյանը՝ Տավուշի մարզում

Նախկինում նաեւ թերություններ են եղել, բայց սրանք եկել են այդ թերությունները բազմապատկել են. Սեյրան Օհանյանը՝ Տավուշի մարզում

Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը հանձնելով գալիս ես, դու ասում ես՝ սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգեւավճար եմ բաժանում, այդպես ընդունված է եղել: Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Շատ բան է  ընդունված եղել, հետո՞: Այսինքն մենք եկել ենք այն եզրակացության, որ այս իշխանությունները 30 տարիներին ձեռք բերված բոլոր արժեքները ոտնահարվել են՝ Արցախ, բանակ, Հայաստանի ինքնիշխանություն, պետականաշինություն: Այսօր եթե պետությունը  գոյություն ունի, ապա այդ 27 տարիների ընթացքում ստեղծված քաղծառայության համակարգի շնորհիվ է, վարչության պետերի, բաժնի պետերի:

Նախկինում նաեւ թերություններ են եղել, բայց սրանք եկել են այդ թերությունները նույն պատճառներով բազմապատկել են: Եթե իրենք քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, այսօր դա անտանելի է դարձել: Քննադատում էին տեղերում ճնշումները, այսօր համայնքներում տեսնում եք, թե ընտրություններից հետո ինչպիսի ճնշումներ են լինում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, իրենց պայքարը նրա համար է, որ անընդհատ հանձնելով, տալով հարց չես կարող լուծել. «Ինչքան հանձնեցիր, էնքան թուրքն ավելի շատ է ուզենալու ճնշել: Դրա համար ողնաշարներս ուղղենք, մեր ժողովրդի ոգին բարձրացնենք, բանակը արագ կարելի է վերականգնել: Ես բանակը ղեկավարել եմ և գիտեմ, թե ինչ է նշանակում կարգապահություն, հիմա նայեք, թե ինչպես են հագնվում, ով ինչ ուզում հագնում է: Վարչապետի մոտ պաշտոնատար գեներալներ են կանգնում առանց գլխարկի: Ոստիկանության փոխնախարարը քաղաքում ձեռքները ջեբները առանց գլխարկի պտտվում են: Եթե նույն վարչապետը հասկանար, կթեքվեր, կասեր՝ պարոն գեներալ, մի հատ ռադ քաշիր էստեղից կամ գնա գլխարկդ հագիր, պետության արժանապատվությունը մի ոտնահարիր»:

Սեյրան Օհանյանը պատմեց, որ նախորդ տարի, երբ անվտանգության հետ կապված խնդիր կար, իրենք հրավիրել են գլխավոր օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանին, որն այսօր ԶՈՒ ԳՇ պետն է, որը եկել, ներկայացրել է իրավիճակը սահմանին. «Ես մի երկու հարց տվեցի, հարցերին պատասխանելու ժամանակ ինքը համարձակություն ունեցավ կամ միամտություն ունեցավ իմ մասին մի երկու դրական բան ասել: Վերջում իրեն ասում եմ՝ դու պատկերացնո՞ւմ ես, էս գայլերի մեջ դու ինձ գովում ես, քեզ վաղը հանելու են պաշտոնից: Տեսեք ինչ կատարվեց, իրեն գեներալ-լեյտենանտի պաշտոնից տարել են գեներալ մայորի պաշտոնի: ԶՈՒ ուղեղը համարվող պաշտոնը 4 ամիս թափուր է մնացել, մարդ չեն կարողացել գտնել: հետո էլի մարդ չեն գտել եւ նույն մարդուն բերել նշանակել են բանակի գեներալի պաշտոնի՝ ԳՇ պետ»:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:

  • Կիսվել: