շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեդրակ Թևոնյանը կոչ է արել մարզի ուսուցիչներին ակտիվացնել ատեստավորման գործընթացը

Սեդրակ Թևոնյանը կոչ է արել մարզի ուսուցիչներին ակտիվացնել ատեստավորման գործընթացը

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են 2021-2022 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, կրթօջախներում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր:
 
«Հնուց ժառանգված խնդիրներ կան, որոնց մի մասին վերջին տարիներին լուծում է տրվել, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ: Այցելելու եմ դպրոցներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանք կառավարությանը ներկայացնելու համար»,- իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը:
 
Մարզի ղեկավարը շեշտել է դպրոց-մարզպետարան ամենօրյա փոխհամաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը. «Իմ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը շարունակելու եք ստանալ բարձր մակարդակով: Փոխհամաձայնեցված աշխատանք պետք է տանենք, առկա խնդիրները անմիջապես վեր հանենք և լուծում տանք»:
 
Ինչպես հայտնի է, կառավարությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել: Անդրադառնալով օրենքի նոր նախագծին՝ Սեդրակ Թևոնյանը կոչ է արել ուսուցիչներին ակտիվացնել այս գործընթացը, անցնել ատեստավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի աշխատավարձերի բարձրացում:
 
«Ուսուցիչը պետք է ամեն օր ինքնակրթվի ու դա փոխանցի աշակերտներին: Ուժեղ պետության հիմքը նաև դպրոցն է, կրթված սերունդը»,- ասել է մարզպետը: Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:

  • Կիսվել: