ՍԴ- քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացնեն Հայաստանին․ Արծվիկ Մինասյան
ՍԴ-ն իր որոշման վերջին հատվածում անդրադառնում է հանրաքվեին, բայց առանց նշելու, որ այս փաստաթուղթը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը-խմբ) պետք է լինի, անգամ՝ չի մանրամասնում, որ արձանագրությունները՝ սահմանների նկարագրության և այլն, առնվազն պետք է գնային հանրաքվեի։ ՍԴ- քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում պատրաստվում են կամ հնարավոր է, որ ներկայացնեն Հայաստանին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ արդյո՞ք սա կապում է ՄԱԿ-ում Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպման հետ, Մինասյանը պատասխանեց՝ նշելով․ «Չեմ կարող ասել՝ արդյոք կապ կա, թե՝ ոչ, բայց այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, թե եթե հակասի, ապա Սահմանադրություն կփոխենք։ Սա ոչ միայն խայտառակություն է, այլև՝ միջազգային մակարդակում արժանապատվության նսեմացման բարձրագույն կետ է»։
Մինասյանի համոզմամբ՝ ՍԴ-ն փորձում է բավարարել բոլոր կողմերին, բայց ստորադասում է ՀՀ․ հայ ժողովրդի շահերը, ինչը շատ վատ բան է։
«Արդյո՞ք սա կարելի է դիտել որպես այնպիսի քայլ, որն անվերադարձ կամ անդառնալի կորուստ է բերելու Հայաստանին, իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետև իշխանափոխությունից հետո այս ամենն իրենց գնահատականը ստանալու է, այդ թվում՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ»,- ասաց Մինասյանը։