ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
ՍԴ-ն խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը․ Սոս Հակոբյան

ՍԴ-ն խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը․ Սոս Հակոբյան

ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը և խափանեց ընդդիմության սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Մեր հիմնական միտքն այն է եղել, որ Սահմանադրական դատարանը պետք է վերցնի սահմանադրության բարձր արժեքները և քննարկի դրանց պաշտպանությունը, այլ ոչ թե վերածվի մի քանի ընտրախախտում արձանագրող քարտուղարության պես մարմնի», - ասաց Սոս Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ սպասում էին, որ ՍԴ-ն, ազատ ընտրություններ անցկացնելու սկզբունքից ելնելով, կասի, որ Հայաստանում չի կարելի սպառնալիքներով ընտրություններ իրականացնել։

Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, չէր լուծի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հարց, քանի որ դրանից երկուսի դեպքում կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, իսկ եթե, օրինակ, ԸՕ որոշակի դրույթներ հակասահմանադրական ճանաչվեին, ապա, հնարավոր է, իրականացվեր մանդատների բաշխում․

«Անգամ մանդատների վերաբաշխման տարբերակը եթե դիտարկենք, հավանաբար, կլիներ այնպես, որ ընդդիմությունն ունենար ավելի ուժեղ լծակներ, բայց ընդդիմությունը ՍԴ-ի «հույսին չէր»՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Ընդդիմությունը, անկախ ՍԴ որոշումից, գծում է իր գործունեության նոր պլաններ, բայց ՍԴ-ն կարող էր սահմանել՝ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ինչ է կարելի, ինչ՝ ոչ»,-ասաց նա։

«Մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք ՀՀ-ի խարխլումը, պահպանենք օրինականությունը և ստիպենք իշխանությանը լինել այդ դաշտում։ Ընդդիմության առաջին անելիքներից է հանրության ճնշման շնորհիվ ու իր բոլոր լծակներով կանգնեցնել այս պատուհաս իշխանությանը՝ թույլ չտալով պետականակործան հերթական քայլը կատարել»,-ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ քարոզարշավի ընթացքում, գուցե ժամանակի սղության պատճառով, ընդդիմությունը չկարողացավ շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել, թե ինչ է ուզում, և պետք է աշխատի այդ ուղղությամբ։

 

  • Կիսվել: