ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ-ն ի զորու է կանխել հնարավոր նոր աղետները, զիջումները, անհասկանալի փաստաթղթերը․ Արամ Վարդևանյան

ՍԴ-ն ի զորու է կանխել հնարավոր նոր աղետները, զիջումները, անհասկանալի փաստաթղթերը․ Արամ Վարդևանյան

  Ատելության խոսքը, որն իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», դա իրենց գնահատականը չէ, դա իրավական փաստ է, որն արձանագրել է Վարչական դատարանը: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Միակ հանգամանքը, որ չի արձանագրել դատարանը, դա այն է եղել, որ արդյոք այդ պահին կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչեն, թե ոչ: Բայց դրանից չի նվազում այն, որ նման տոտալ ատելության խոսք է եղել, որն անգերազանցելի է: Եվ վստահեմ, որ անգերազանցելի էլ լինելու է Հայաստանի պատմության մեջ»,- հավելեց Վարդևանյանը:

Նա նաև խոսեց ընտրախախտումների մասին: Ըստ Վարդևանյանի` քննության ընթացքում պարզ է դարձել, որ իսկապես եղել են կրկնվող էջեր, եղել են բացակայող ստորագրություններ, միայն չկարողացան պարզել զինծառայողների իրական թիվը:

«Մենք փորձեցինք բարձր դատարանին ներկայացնել թե´ ընդհանուր կոնտեքստը, միջավայրը, թե´ նաև առհասարակ կիրառական կոնկրետ ընտրախախտումները: Իմ պնդումն է, որպեսզի բարձր դատարանը ոչ թե նեղ, կիրառական, տեխնիկական խախտումները գնահատի, այլ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է իրավասու, կարող է և պարտավոր է գնահատել ամբողջ այս շղթան:

Բարձր դատարան, այս ընտրությունները չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրական կամքը: Պատկերը, որը մենք տեսնում ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ խեղաթյուրված է:

Այս ընտրություններրի վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար է սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի բարձր դատարանը»,- եզրափակեց Վարդևանյանը:

«Բարձր դատարա՛ն. վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ ԱԺ-ում ունենում է մանդատների 1/3-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետևանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետևանքներ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու, և կարող եմ ասել, որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը, բարձր դատարա՛ն, չի թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»,– ասաց նա: 

Վերջին երեք տարիները, Վարդևանյանի խոսքով, ՀՀ-ում մեկ քաղաքական ուժի, կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներ են եղել, և ըստ նրա՝ այս միապետական իրավիճակը բացառապես ՍԴ-ն կարող է փոխել և ապահովել Սահմանադրության գերակայությունը:

«Մենք այս ժամանակահատվածում էլ ծայրահեղ վտանգավոր մարտահրավերի առաջ ենք կանգնած և ես վստահ եմ, որ բարձր դատարանի հարգարժան դատավորները ոչ միայն զուտ բարձր դատարանի դատավորներ են, այլ նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք ևս տեսնում են իրական պատկերը: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը, նոր անհասկանալի գործողությունները: Իսկապես այս գործը պարզապես  ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ: Այն պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ: Բայց ի տարբերություն նախորդ բոլոր այլ ժամանակահատվածների, այս անգամ քաղաքական բաղադրիչը նաև պետական անվտանգության բաղադրիչի հետ է ուղղակիորեն փոխկապակցված»,- հայտնեց Վարդևանյանը:

  • Կիսվել: