«Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհանգստացնում են». Հովիկ Աբրահամյան
«Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քայլերն ինձ անհանգստացնում են, և յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացներին ու նրա կալանքին։
Լրագրողի հարցին, եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հարձակումներն անհանգստացնու՞մ են նրան, ՀՀ նախկին վարչապետը պատասխանեց.
«Բոլորիս են անհանգստացնում»։
Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։ Դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց. դատական նիստն ավարտվեց։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։


