ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանվեց քաղաքացու ինքնությունը մահվան պահից մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը

Սահմանվեց քաղաքացու ինքնությունը մահվան պահից մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը:

Նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը և Նարեկ Բաբայանը:

«Խնդիրը բացահայտվել է զոհված զինծառայողներ ընտանիքներ մեր այցելության ժամանակ: Մեր օրենսդրությամբ` ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում, և վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելու գործընթացը դժվարանում է, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը: Սա մի խնդիր է, որին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված և տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները»,- ասաց Լենա Նազարյանը:

Խնդրի լուծումը, ըստ նախագծի համահեղինակի, հետևյալն է. այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը անհրաժեշտ է համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը:

«Այս լուծումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմումը»,- ասաց Նազարյանը:

  • Կիսվել: