հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սահմանազատումը պետք է լինի խորհրդային ամենաթարմ քարտեզներով. Միրզոյան

Սահմանազատումը պետք է լինի խորհրդային ամենաթարմ քարտեզներով. Միրզոյան

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ԱԳ նախարարն ասաց, որ հույս ունեին, որ խաղաղության հասնելու ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվի Գրանադայում. «Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը  անհրաժեշտ կամ հարմար, կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչեւեէ, Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքներով ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղության հիմքերը: Ուղենիշ է այդ խաղաղության պայմանագրի համար: Այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության մասին խոսելիս:

Գիտեք, որ արդեն 6-րդ ռաունդն է մեկնաբանություններով կամ խմբագրումներով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու: Միշտ էլ սրանք են եղել մեր ուղենիշները: Առաջինը երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչումն է: Մենք այստեղ ուզում ենք կոնկրետություն ապահովել եւ այդ նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների հանրագիտարանային մակերեսները»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Երկրորդ  սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց,. «Խոսվում է այն մասին, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա Խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա: Դա 1974-1988 թվականների քարտեզների խումբն է: Մեծ հաշվով, ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների հիման վրա: Իմ տպավորությամբ, նաեւ Ադրբեջանի ընկալմամբ այդպես է, որ պետք է տեղի ունենա սահամազատման գործընթացը:

Երրորդ սկզբունքը շատ շահարկված թեման տարածաշրջանի ապաշրջափակումն է: Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլեւ շահագրգիռ է, Հայաստանն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում: Բոլոր ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն փոխադարձության, հավասարության սկզբունքի հիման վրա»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, «Խաղաղության խաչմերուկի» կայացումը ԱԳՆ-ի քաղաքական առաջնահերթություններից է լինելու 2024-ին:

  • Կիսվել: