երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սահմանազատում և սահմանագծում պետք է արվի 1926 թ. սովետական քարտեզով. Սամվել Բաբայան

Սահմանազատում և սահմանագծում պետք է արվի 1926 թ. սովետական քարտեզով. Սամվել Բաբայան

Պատերազմի վտանգ չկա, Ռուսաստանը Ղարաբաղում դեռ 4 տարի լինելու է, որեւէ պատերազմ սկսելը կլինի նույնը, որ պատերազմ սկսեն Ռուսաստանի դեմ. երբ 2008թ. Վրաստանը փորձեց Հարավային Օսիայի հետ ուժով հարց լուծի, հիշում ենք՝ ինչ եղավ, նույն վիճակն էլ հիմա է, ոչ մի բան չի փոխվել, եւ Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է, այնպես որ, առաջիկա 4 տարում պետք է ուժեղ բանակ ունենանք, կարողանանք աջակցել, որ Ռուսաստանը մանդատը վերցնի: Այս մասին Ազատության եթերում ասել է Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար, ՛՛Ազատական՛՛ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ առաջիկա 4-5 տարում տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվելու:

Բաբայանը, մասնավորապես, նշել է. ՛՛Բոլորը քննարկում են՝ Մեղրիի ճանապարհը բացվում է, եւ այլն, իսկ ես ասեմ՝ Մեղրիում պատմության մեջ ասֆալտի ճանապարհ չի եղել, երկաթուղի է եղել, երկաթուղին 4-5 տարի հետո է կառուցվելու: Ադրբեջանը շեշտում է՝ որեւէ երկաթուղի չի բացելու, մինչեւ Մեղրին չկապվի Նախիջեւանի հետ, Թուրքիայի հետ կապող երկաթուղի կա Վրաստանի տարածքով, փորձում է իր շահերից խոսել, պարտադրել Հայաստանին, որ Մեղրիով ճանապարհ բացի դեպի Նախիջեւան, բայց սովետական տարիներին չի եղել այդ ճանապարհը: Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան երկաթուղին Դիլիջանով ա եկել, խնդրեմ, Հայաստանը պատրաստ ա, էսօր էլ կարան բացեն, բայց իրանք հատուկ ուզում են՝ Մեղրիով ճանապարհ բացվի, իսկ դա արդեն կոմունիկացիայի բացվել չի, դա նա է, որ քեզ պարտադրում են այլ ճանապարհ կառուցել, ինչն անհավանական են համարում: Ադրբեջանը հիմա առիթ է ման գալիս՝ ասելու, որ ես ճանապարհ եմ ուզում, Հայաստանը չի տալիս, դե ուրեմն՝ ես էլ չեմ բացելու՛՛:

՛՛Ազատական՛՛ կուսակցության նախագահը կարծում է, որ եթե Հայաստանի տարածքով միջանցք բացվի, այն որեւէ վտանգ չի սպառնա մեզ. ՛՛Հայաստանին վտանգ է սպառնալու միշտ բանակ չունենալը, դրանով չեն զբաղվում՛՛:

Խոսելով սահմանազատման ու սահմանագծման մասին՝ նա նշել է, որ այդ աշխատանքները պետք է արվեն, իսկ դրանց հիմքում կարող են դրվել միայն 1926-27թթ. խորհրդային քարտեզները:

՛՛Դրանով 1200 քառ. կմ-ից ավելի տարածք մենք հետ ենք բերում, 1922թ-ին ԽՍՀՄ-ի մեջ է մտել Հայաստանը, եւ 1926-27թթ. քարտեզագրում են արել: Կա Սովետական միության ՛՛Ատլաս՛՛-ը, որում միակ պետական քարտեզներն են, եւ Հայաստանը 30 948 քառ. կմ տարածք ունի: Մի շրջանում Ադրբեջանը 1200 քառ. կմ մեզնից գողացել ա, խնդիրը դա դելիմիտացիա եւ դեմարկացիա անելն է, տարբեր քարտեզներ չկան, Հայաստանի՝ Սովետակամ միություն մտնելուց հետո առաջին քարտեզը 1926թ-ինն է, դրանով էլ առաջնորդվելու են:

Դրա համար եմ ասում՝ ես պալտոյով, շարֆով, շապկայով եկել եմ ձեր տուն, դուրս եմ գալիս, բայց շարֆն ու շապկան չկան, ասում եմ՝ դրեք տեղը, էդքան մի բան, սովետական ժամանակ Քյարքին ադրբեջանաբնակ ա եղել, բռնել, գծել են ու դրել՝ որպես անկլավ, բայց դա Հայաստանի տարածքն ա, նույնը մնացած տեղերում, երեում ա՝ որտեղից ինչ են տարել: Հստակ ձեւակերպում ենք, որ միակ պետական հաստատված քարտեզը 1926-27թթ-ինն է, հետո արդեն ԽՍՀՄ ներսում փոփոխություններ են եղել, որոնք կապ չունեն մեր պետության սահմանների հետ՛՛,-ասել է Սամվել Բաբայանը:

  • Կիսվել: