ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովը ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. Միրզոյան

Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողովը ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռևս չի ձևավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում՛՛:

Նախարարը հավելեց, որ հանձնաժողովի ստեղծման կոնկրետ ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն, նրա խոսքով, կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: Որոշակի հանգամանքներ կան պարզելու, համաձայնեցնելու: Դրանից հետո հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել:

  • Կիսվել: