Սահմանային շերտում արգելվում է ԱԹՍ-ների օգտագործումը առանց թույլտվության. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումների և փոփոխությունների նախագերի փաթեթը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
ԱԺ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցի առնչությամբ ասաց․
«Մենք գիտենք, որ այօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են , տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետեւաբար, նախագծի ընդունումը շատ կարեւոր է:
Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով»,-ասաց նա:



