ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանադրագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը

Սահմանադրագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի՝ Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը.

«1. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):

2. Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։ 

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ: 

Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն (Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքուն կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։

3. Ձայների հավասարության դեպքում անցկացվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (փաստացի ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳԻՆ:

 ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԳԾԵԼ, որ, եթե իսկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այսինքն, եթե Ազգային Առաջընթաց Կուսակցությունը, Հանրային Ձայն կուսակցությունը կամ Մայր Հայաստան դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով»։

  • Կիսվել: