Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան
Սա Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հրահանգի իրագործում է։ Չեմ կարծում՝ Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել։ Սա է իրականությունը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնե Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն Կոմիտե տեղափոխելուն։
«Վստահ եմ, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին, և ընդհանրապես ես ուզում եմ շեշտել իմ գործընկերոջ այն միտքը, որ եթե խնդիրը լիներ ունեցվածք պահպանելը, հանգիստ կյանքը, ոչ ոք այստեղ չէր լինի, ինքը առավելևս։ Հանգիստ կյանքի համար պետք է այս ամեն ինչից հեռու մնալ։ Այս ամեն ինչը այլ բանի մասին է և ով այստեղ է, որպես ընդդիմություն, գիտի ինչի միջով է ստիպված լինելու անցնել ինքը, իր ընտանիքը։ Հիմա մենք դա ենք տեսնում։ Ոչինչ, սա էլ է մի փուլ, որը կանցնենք, աշխարհում բոլոր բռնապետությունները այսպես են գործել»։
նա նշեց, որ խուզարկությունները կատարվել են երեխաների ներկայությամբ. «Առավոտյան ժամը 7-ին ընտանիքի բոլոր անդամները սովորաբար լինում են տանը և քնած և ոչ միայն Լևոն Քոչարյանի, նաև նախագահի մյուս որդու ընտանիքի անդամների»։
Հարցին՝ իր կարծիքով այս գործողություններին ի՞նչ է հաջորդելու, օրինակ գլխավոր դատախազը կգա՞ Ազգային ժողով Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու, ընդդիմադիր պտգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ենթադրություններ անել, ՔՊ-ականների դեպքում կանխատեսումներ անելտ անշնորհակալ գործ է։ Ես գիտեմ որ ինչ է հանրագումարում լինելու. մի օր այս շղթան կանգ է առնելու, չկա բռնապետություն, որ հավերժ է։ Այնպիսի բռնապետություններ են կործանվել, ու այնպիսի վատ ավարտով են կործանվել, որ այս մեկը չի կարող հավերժ տևել։ Մեր գործն է հնարավորինս մոտեցնել այդ ավարտը»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոճարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Լևոն Քոչարյանը նախօրեին ԱԺ նիստում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ասել էր. «Եթե երկրի վարչապետը ասում է՝ այս ինչը պետք է նստի, այս ինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։
Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»։



