հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական ու գուցե նաև կարևոր հանգրվանն է․ Նիկոլ Փաշինյան

Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական ու գուցե նաև կարևոր հանգրվանն է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո այս պահին իրավունքի ուժով հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ներկայացրեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։

Նրա փոխանցմամբ, գործնականում հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով։

«Սա Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և ԼՂ-ն օկուպացնել, ակնհայտ ագրեսիայի գործողություն է։ Հաշվի առնելով, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում նաև կա ՀՀ-ի վրա հարձակման սպառնալիք։ ՀՀ-ն հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք», -հայտարարեց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ հայկական կողմը զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։

«Այս պահին մենք ֆիքսված իրավիճակ չունենք, այն գտնվում է զարգացման մեջ։ Մեր զինվորականները ասում են՝ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է։

Տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա, ինչու, որովհետև կոնտեքստը հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում ու շարունակվում է դրվել ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ։

Ուզում եմ հստակ արձանագրենք՝ ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը կամ մենք հրաժարվում ենք Արցախի հայության իրավունքներից կամ ստանում ենք պատերազմ։

Այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի։ ՀՀ ժողովուրդը պետք է ամուր ու միանշնանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հիմքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական ու գուցե նաև կարևոր հանգրվանն է», -հայտարարեց Փաշինյանը։

 

 

  • Կիսվել: