երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից. Արծվիկ Մինասյան

Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից. Արծվիկ Մինասյան

Սա պայքար է ազգային և ապազգային երևույթների միջև: Այս մասին ԿԳՄՍ նախարարության մոտ ՀՅԴ-ի այսօրվա բողոքիա ակցիայի նպատակները ներկայացրեց ակցիային մասնակցող ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

«Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը և իր խորհրդատուները, և եթե վարչապետն էլ միանա, ուրեմն նաև ինքը, փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ առաջացավ երիտասարդության շրջանում: Այո, ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգայինը պահպանելու դիրքերից և գտնվելու է ցանկացած շարժման կողքին, որը ազգայինը դուրս մղելու գործողություն է իրականացնում»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

«Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ստացած ցանկացած իշխանություն պարտավոր է ազգային դիմագիծը պահել: Սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու: Աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ այդ դիրքերից է հանդես եկել, հանկարծ փոխել է իր դիրքորոշումը, ապա դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նա ժողովրդի տված քվեն օգտագործում է ի չարս: Այս հարցերում մեր ազգը զգայուն է և չի հանդուրժի անգամ հերոսին, և նրան էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը»,-շեշտեց Մինասյանը:

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ՀՅԴ-ի`դեղին քարտերի քաղաքականության համատեքստում է և այս դեպքում արդեն կոնկրետ կարմիր քարտ է կոնկրետ անձի. «Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից»:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ԿԳՄՍ նախարարության ֆունկցիան վերցնի իր վրա. «Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը սև ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը»:

Նշենք, որ բողոքի ակցիայի համար առիթ է հանդիսացել այն, որ ԿԳՄՍՆ-ն մտադիր է բուերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները հանել պարտադիր ուսուցման ծրագրից ու դարձնել ընտրողվի: Ակցիայի մասնակիցները դեմ են այս նախագծին: Նրանց մոտ վրդովմունք է առաջացրել նաև «Հուզանք ու զանգ» ներկայացման համար ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելը: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց պահանջներից և ոչ մեկը:

 

 

 

 

 

  • Կիսվել: