կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա Հայաստանի 4-րդ Սահմանադրությունն է, իսկ եթե անկեղծ լինենք՝ 6-րդն է. Վլադիմիր Վարդանյան

Սա Հայաստանի 4-րդ Սահմանադրությունն է, իսկ եթե անկեղծ լինենք՝ 6-րդն է. Վլադիմիր Վարդանյան

Սիմվոլիկ նշանակություն ունեցող հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել, ոտքի վրա այդ հարցին չեմ պատասխանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց իշխանական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ զինանշանն ու օրհներգը փոխելու առաջարկություններին:

«Խորհրդանշանների տեսանկյունից մեր զինանշանը ստեղծվել է 1918 թվականին, որի տարբեր ինտերպրետացիաներ կան: 1991-ին այն որոշակի շտկումների ենթարկվեց, այուհետեւ գունային փոփոխություն տեղի ունեցավ:

Շատ դեպքերում լինում են իրավիճակներ, որ օրինակ, սիմվոլը, որ միշտ դիտարկվել է շատ դրական, ինչ-որ համաշխարհային փոփոխությունների արդյունքում այլ ընկալում է ձեռք բերել: Օրինակ, ոչ ոք 1991-ին դա չէր կարող ընկալել որպես սմայլիկ, որովհետեւ սմայլիկի նշանը կամ չէր հայտնագործված, կամ այսպիսի պոպուլյարություն չէր ստացել: Եղել են սիմվոլիկաներ, որոնք մշտապես  դիտարկվել են մեկ կոնտեքստում,  այնուհետեւ սկսել են օգտագործվել այլ գաղափարախոսության կողմից եւ այդ պատճառով այդ սիմվոլիկայի դրական իմաստը վերածվել է բացասականի եւ փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել»,-ասաց նա:

Անդրադառնալով կոնկրետ Հայաստանի զինանշանին Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Մեր զինանշանի վրա Ռուբինյանների առյուծն է, Բագրատուների հովազն է, Արշակունիների եւ Արտաշեսյանների երկու արծիվներն են, որոնց մեջտեղում պատկերված է արեւի նշանը եւ կարծես թե բագրատունիների ժամանակաշրջանից եկող արծիվը, որ երկգլխանի է, որը նաեւ բյուզանդական արծիվի հետ կապ ունի:

Ցավով պետք է արձանագրեմ, որ հայկական պետականության բացակայության պայմաններում առնվազն Կիլիկիայից հետո մենք հիերալդիկ զարգացումների հնարավորություն չենք ունեցել: Եթե մենք ուսումնասիրենք վահանը, որ առկա է զինանշանի վրա եւ այն հիերալդիկ վահանը, որ օգտագործում է Երեւանի քաղաքապետարանի սիմվոլիկան, դրանք տարբեր վահաններ են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նպատակ կա զինանշանից հանել Արարատ սարը, ՔՊ-ական պատգամավորը հորդորեց ավելի լայն դիտարկել խնդիրը. «Սահմանադրությունը անցյալին ուղղված փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը ներկային եւ ապագային ուղղված փաստաթուղթ է:

Եթե ուսումնասիրենք Հայաստանի Սահմանադրության զարգացման պրակտիկան, ապա սա ՀՀ 4-րդ Սահմանադրությունն է, իսկ եթե անկեղծ լինենք՝ 6-րդն է: Եթե 1995-ի Սահմանադրությունը համեմատում ենք 2005-ի Սահմանադրության հետ, իսկ 2005-ը՝ 2015 թվականի Սահմանադրության հետ, ապա տեսնում ենք, որ նրանք նոր Սահմանադրություններ են, պարզապես դիտարկվել են որպես Սահմանադրության փոփոխություններ: Պետության բնույթը, կառավարման ձեւը, մոդելը, ինստիտուտները, ուժերի հարաբերակցությունը էապես փոխվել են 1995-ից մինչեւ 2015-ը»,-ասաց նա:

  • Կիսվել: