Սա ավելի քան 100-ամյա ախտանշան է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում. Արսեն Թորոսյանը՝ Արծվիկ Մինասյանի ելույթի մասին
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից հերթական թատերական ելույթով հանդես եկավ կարկառուն դաշնակցական Արծվիկ Մինասյանը. Նա, ինչպես միշտ, փորձեց քաղաքական դիվիդենտներ շահել անգամ ամենազգայուն թեմայի՝ համավարակի և մարդկանց մահերի հաշվին։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեղադրանքի սլաքներն ուղղեց ոչ թե իրական մեղավորին՝ աշխարհը ցնցած մահաբեր վիրուսին, այլ՝ իշխանություններին։ Այսինքն՝ ըստ պարոն Մինասյանի, մեր քաղաքացիներին սպանել է ոչ թե COVID-19-ը, այլ՝ մենք։
Հետաքրքիր է՝ նույն տրամաբանությամբ արդյոք Արծվիկ Մինասյանը պատրաստ է ընդունել, որ աշխարհում միլիոնավոր մարդկանց մահվան համար մեղավոր են բոլոր երկրների ղեկավարները՝ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփը, Իրանում՝ Հասան Ռոհանին, Ֆրանսիայում՝ Էմանուել Մակրոնը և այդպես շարունակ։ Թե՞ մենք այդ առումով էլ ենք բացառիկ՝ յուրահատուկ չափանիշներով մեղադրվող:
Սա քննադատություն չէ։ Սա վաղուց վերածվել է քաղաքական ախտաբանության՝ տրամաբանության և բարոյականության հետ ոչ մի կապ չունեցող ախտանիշի։ Սա ավելի քան 100-ամյա ախտանշան է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում՝ միշտ նույն կեղծ բարոյականությամբ, միշտ նույն ցինիզմով։
Հ.Գ. Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր հազարավոր բժիշկներին, բուժքույրերին ու մյուս բուժաշխատողներին՝ համավարակի ամենածանր օրերին իրենց անձնուրաց պայքարի, հույսի և տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու համար։ Մարդիկ, որոնց հանդեպ պարտական ենք ոչ թե մեղադրանքներով, այլ՝ խոնարհումով»: