հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը վախենում է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, հաջորդը լինելու է Ղազախստանը․ Գագիկ Մելքոնյան

Ռուսաստանը վախենում է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, հաջորդը լինելու է Ղազախստանը․ Գագիկ Մելքոնյան

Նախ պետք է պարզել, թե այսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ինչ է տվել. մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ մեր սահմաններ ներխուժել է հակառակորդը, եւ ՀԱՊԿ-ը ոչ մի արձագանք չի արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Մենք նույնիսկ դիմել ենք իրենց մեկ անգամ 2021-ի մայիսին: Իրենք ասացին՝ այն բանաձեւով չեք դիմել, որով պետք է դիմեիք: 4-րդ բանաձեւով պետք է դիմեիք, դիմել եք 2-րդ բանաձեւով: Հետո փոխեցինք 2-րդ բանաձեւով դիմեցինք: Իրենք ոչինչ չարեցին, ասացին՝ մենք չգիտենք, թե ձեր սահմանները որտեղ է: Այն դեպքում, երբ 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո բոլորը ճանաչել են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը:

Իսկ հիմա ասում են՝ մենք դիտորդներ ուղարկենք: Հետաքրքիր է, որ եթե այդ մարդիկ գալիս են, որտե՞ղ են կանգնելու, եթե իրենք մեր սահմանները չեն ճանաչում, չգիտեն: Ո՞րտեղ են կանգնելու, Երեւանո՞ւմ»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Հայաստանը մնում ՀԱՊԿ կազմում, ՔՊ-կան պատգամավորը պատասխանեց. «Կգա պահը, երբ ամեն ինչ արդեն կմաքրվի, մենք կհասկանանք՝ ինչն ինչոց է: Ռուսաստանը վախենում է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, հաջորդը լինելու է Ղազախստանը, միանգամից դուրս է գալու: Այսինքն քանդվելու է այդ բլոկը: Իրենք ուզում են ցույց տալ, որ իրենց կողքը պետություններ կան կանգնած, բայց այդ բոլոր երկրները, որ իր կողքին կանգնած են, ճորտի կարգավիճակով են: Իրենք են թելադրում քաղաքականությունը, տնտեսությունը: Եվ ուզում են, որ ՀԱՊԿ-ը մնա»,-ասաց Գագիկ Մելքոնյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նոյեմբերին Հայաստանը հարց է բարձրացրել ՀԱՊԿ-ի առաջ, թե ճանաչո՞ւմ են Ադրբեջանին ագրեսոր, որ մտել է Հայաստանի սահմանից ներս, եւ ոչ մի պատասխան չի ստացել. «Հիմա, երբ տեսնում են, որ ՀԱՊԿ-ը մեզ չի հետաքրքրում, ու երբ տեսան, որ մենք այլընտրանք ունենք, ուրիշ երկրների հետ համագործակցում ենք, իրար են անցել»,-ասաց իշխող ուժի պատգամավորը:

  • Կիսվել: