երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները

Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Նա այսպես է մեկնաբանել թուրքական ընդդիմության առաջնորդ, ղեկավար և նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքը, որը Ռուսաստանին մեղադրել է դավադրության ու ֆեյքերի տարածման համար։ Իր ուղերձում թուրք քաղաքական գործիչը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»։

«Ես չգիտեմ, թե ո՛րն է նման կոչերի պատճառը։ Մենք պնդում ենք, որ չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին և ընտրական գործընթացներին»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ է կարևորում երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մինչև հիմա շատ պատասխանատու և ինքնիշխան դիրքորոշում է դրսևորում մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների հարցում։

Ավելի վաղ նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն գրել էր, որ իբր ռուսական իշխանությունները կանգնած են «մոնտաժների, դավադրությունների, ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվել են»։

  • Կիսվել: