շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը. Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համարում է, որ Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում, Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն շատ ավելի հասցեական: 

Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

«Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա՝ հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա: Ռուսաստանը ոչ միայն որպես եռակողմ փաստաթղթի կողմ, այլ նաև՝ մեր տարածաշրջանում ներկայացված խոշոր «խաղացող», այս մասով ունի իր պատասխանատվությունը»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր անցակետի գոյությունն արձանագրում է արդեն որպես փաստ, փորձում է դա օգտագործել՝ բանակցային գործընթացում ճնշելու Հայաստանին, դա կօգտագործի նաև հետագա ժամանակահատվածում՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունը: Բացի այդ, ադրբեջանական անցակետի տեղակայումը շատ ծանր իրավիճակ է ստեղծել Արցախի հայրենակիցների համար:

«Կողմերը պարտավոր են իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո փաստացի իրենց պարտավորությունն ամբողջությամբ իրականացրել են, որքան էլ դա ծանր է եղել Հայաստանի, Արցախի համար»,-ասաց պատգամավորը:

Այսպիսով՝ նա արձանագրեց, որ Ադրբեջանն իր պարտավորություններն այդպես էլ չի իրականացրել: Աբրահամյանն ընդգծեց նաև, որ միջանցքի փակման հետ կապված Ռուսաստանն ունի պարտականություններ, Ռուսաստանի գործողություններն այստեղ պետք է լինեն շատ ավելի հասցեական: 

  • Կիսվել: