Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունել՝ Ստեփանակերտ անվանման հետ կապված սկանդալի պատճառով. Զատուլին
Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունել, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում։ Այս մասին RTVI-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։
Զատուլինը, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է ռուսական քաղաքների և աշխարհագրական հասկացությունների վերանվանմանը, որը Ադրբեջանը որոշել է իրականացնել որպես վրեժ, ես նրանց հաջողություն եմ մաղթում։ Միակ բանն այն է, որ այս իրավիճակում մենք դժվար թե կարողանանք Ադրբեջանից գնացքներ և ինքնաթիռներ ընդունել, եթե այնտեղ նպատակակետը գրված լինի այնպես, ինչպես նրանք այժմ որոշել են»:
Պաշտոնյան հույս է հայտնել, որ Ռուսաստանը՝ «որպես այսօրվա Ադրբեջանից ավելի մեծ պատմական արմատներ ունեցող պետություն» և որպես «ավելի հասուն հասարակություն», «հիմարություններ չի անի» և հայելային գործողություններով չի արձագանքի ադրբեջանական լրատվամիջոցներում ռուսական քաղաքների անվանափոխությանը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտը միշտ էլ եղել է Ստեփանակերտ, և դրա վերանվանումը «Խանքենդի»՝ «պատճառ չէ քննադատելու» լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սեփական բարբարոսական գործողությունների մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՏԱՍՍ-ի կողմից Ստեփանակերտ անվանումն օգտագործելուց հետո ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել էին շրջանառել ռուսական քաղաքների հին անվանումները՝ Քյոնիգսբերգը՝ Կալինինգրադի, Օրինբորը՝ Օրենբուրգի, Իթիլը՝ Վոլգայի փոխարեն և այլն:


