հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ռուսաստանն իր դաշնակիցներին երբեք չի դրել երկընտրանքի առաջ․ Զախարովա

Ռուսաստանն իր դաշնակիցներին երբեք չի դրել երկընտրանքի առաջ․ Զախարովա

Ռուսաստանն իր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին երբեք չի դրել երկընտրանքի առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը։

«Մենք նման խնդիր չենք դրել. դա հակասում է մեր հիմնարար սկզբունքներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, հավելել՝ դա Արևմուտքի գործելաոճն է, որն ամբողջությամբ արհամարհում է նրանց շահերը, մտահոգությունները, որոնց հետ ռազմավարական երկխոսություն է հաստատում։ Զախարովայի խոսքով՝ դրա դասական օրինակն Ուկրաինան է։

«Արդյոք հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ գործընկերությունը գործնականում չի նշանակում պաշտպանության, խնամատարության, օգնության ցուցաբերում, առավել ևս՝ հայտարարված ծավալի աջակցություն»,- հարցրել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ մեխանիզմի իրական իմաստը տվյալ երկիրը ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո տեղափոխելն է։ 

ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան փոխայցելություններին, նշել՝ վստահություն չկա, որ Հայաստանը կստանա խոստացված օգնությունը։ Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ն զիջումներ է պահանջում ոչ միայն տրամադրված, այլև արդեն խոստացված գումարի դիմաց։

  • Կիսվել: