կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտարարությունները, թե ՌԴ-ն երես է թեքում Հայաստանից, շահարկումներ են․ ՌԴ դեսպան

Հայտարարությունները, թե ՌԴ-ն երես է թեքում Հայաստանից, շահարկումներ են․ ՌԴ դեսպան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Lրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի դիտարկմանը, որ  այդ քայլերի մեծամասնությունը անհայտ են հասարակությանը և հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքի ֆոնին ժամանակը չէ՞ բարձրաձայնելու այդ քայլերը և նշելու, թե կոնկրետ ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը, Կոպիրկինը պատասխանեց, որ շատ բան հայտնի է, թե ինչ է ձեռնարկվում Ռուսաստանի կողմից, որովհետև աշխատում է լավ հայտնի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:

«Դա, փաստացի, առաջ քաշած խնդիրներ են,  որոնց լուծման դեպքում բոլոր կողմերի կարծիքով կլինի խաղաղություն և զարգացում: Մենք այդ ձևաչափերը գնահատում ենք, մենք մեծ կարևորություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին և մարտահրավերներին: Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր կողմերի շահերից է բխում: Եվ հայկական կողմից, և ադրբեջանական կողմից քաղաքական կամք կա: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափերով»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը հիշեցրեց նաև Ռուսաստանի ներկայությունը սահմանի «խնդրահարույց» շրջաններում:

«Մեր զինվորականները, մեր խաղաղապահները, մեր սահմանապահները երկու կողմերի հետ գտնվում են կապի մեջ: Նրանք այստեղ աշխատում են և գործում են, և դա ևս կարևոր գործոն է կայունության ապահովման և հետագա էսկալացիան զսպելու համար: Միշտ ընթանում են քաղաքական երկխոսություններ և երկկողմ ձևաչափերով, և եռակողմ ձևաչափով: Կան պարբերական շփումներ, նաև  բարձր մակարդակում: Այսինք՝ դրանք համալիր քայլեր են և միջոցներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի իրավիճակը իսկապես չվատանա և , ի վերջո, առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,-  նշեց Կոպիրկինը:

Կոպիրկինը հավելեց, որ անհիմն են շահարկումները, թե Ռուսաստան երես է թեքում  տարածաշրջանից ու Հայաստանից: «Պաշտոնապեսև հստակ  հայտարարում եմ, որ դա ավելին է, քան սպեկուլյացիան»,- ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, ապա դեսպանը հիշեցրեց, որ որոշակի մեկնաբանություն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ կարող եմ ավելացնել դրան», - հռետորական հարց ուղղեց Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված էր հրապարակել՝ վկայակոչելով անանուն աղբյուրը, որում հիշատակված է տխրահռչակ «Լավրովի պլանը», Ռուսաստանի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հարցում։ Դրանում ընդգծվում է, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական միջանցքի շահառուն Ռուսաստանն է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակումն անհեթեթություն է անվանել։

  • Կիսվել: