շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել. Արամ Օրբելյան

Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել. Արամ Օրբելյան

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է՝ Վարդազարյանի՝ արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել։

«ՀՀ որևէ դատական ատյանում ես երբևէ չեմ նկատել, չի եղել, որ կողմերից մեկը բացակա լինի, խնդրի նիստը հետաձգել ու չհետաձգեն», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելով, թե ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն այս խախտումը վերացնելու, եթե կգտնի, որ վերսկսելու ու դատական քննությունը նորից շարունակելու անհրաժեշտություն կա։

ԲԴԽ-ն, հիշեցնենք, հունիսի 16-ին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկվեց՝ առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։

Նա ասաց, թե ԲԴԽ-ում դատական նիստին Ռուբեն Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ եղել է վատառողջ։ Ինքը՝ Օրբելյանը, խնդրել է նիստը հետաձգել, քանի որ Կապանում դատական նիստեր է ունեցել։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։


Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը՝ 13.55-ին։

  • Կիսվել: