ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու մեզ համար նախընտրելի լավագույն ձևը տարածաշրջանային կայունություն և խաղաղություն հաստատելն է. Ռուբեն Ռուբինյան

Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու մեզ համար նախընտրելի լավագույն ձևը տարածաշրջանային կայունություն և խաղաղություն հաստատելն է. Ռուբեն Ռուբինյան

Կառավարության ծրագրով ու վարչապետի ելույթով Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվում անվտանգային խնդիրներին հաղորդակից դարձնել ժողովրդին։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք քարոզարշավի ժամանակ բաց հայտարարել ենք, որ առաջ ենք քաշում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը։ Դա է մեր նպատակը, և ժողովուրդը դրան դրական է արձագանքել։ Այո, մենք տարիներ շարունակ՝ 30 տարի ասել ենք՝ մենք կողմ ենք խաղաղությանը, բայց ասել ենք՝ դիմացի կողմը չի ուզում։ Հետևաբար մենք որևէ քայլ չենք արել, երբևիցե չենք դարձրել խաղաղության հասնելու նպատակը մեր քաղաքականության կիզակետ»,- ասաց նա։

Ռուբինյանը հավելեց․ «Ես անձամբ համոզված եմ, որ ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը պահելու մեզ համար նախընտրելի լավագույն ձևը տարածաշրջանային կայունություն և խաղաղություն հաստատելն է։ Այո, դա միայն մեզնից կախված չէ, այո, մինչ այս պահը հայտարարությունները, որոնք մենք լսում ենք հարևան երկրներից, ոչ մի կերպ հուսադրող անվանել չի կարելի։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շարունակաբար մնանք հետևողի դերում։ Ոչ, մենք պետք է առաջ քաշենք օրակարգ, որը այն օրակարգն է, որին միջազգային հանրություն է աջակցում։ Խաղաղության օրակարգը դրանցից մեկն է, կա նաև տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, մարդու իրավունքների օրակարգը, Արցախյան հակամարտության արդարացի լուծման օրակարգը, Արցախի կարգավիճակի հստակեցման օրակարգը։ Սրանք օրակարգեր են, որոնք ի տարբերություն նախորդ տարիների և նախորդ օրակարգերի հանգամանքների բերումով ունեն միջազգային հանրության, միջնորդների աջակցությունը։ Եվ մենք պիտի գնանք այս ճանապարհով։ Ես կարծում եմ՝ գլխավոր բանավեճը սա է՝ կառուցել մաքսակետեր, թե՞ ամրոցներ, թե՞ համատեղել այդ երկուսը։ Եկեք խոսենք սրա մասին»։

  • Կիսվել: