ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-տնտեսական ճգնաժամ և արտահերթ ընտրություններ է կանխատեսում

Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-տնտեսական ճգնաժամ և արտահերթ ընտրություններ է կանխատեսում

Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս մասին «Երևան» ՔԿ-ից “Yerevan today” կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Թոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա, այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին:

«Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Ղափանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը»,- կանխատեսեց նա։

Քոչարյանը նաև հավելեց, որ իր գործողություններով իշխանությունն իրեն վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ դարձնում է իր «ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ»։

«Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»,- հայտարարեց նա։ Քոչարյանը հավելեց, որ հնարավոր է համարում իր աջակիցների թիմի վերարտադրությունը, որպես կուսակցություն։

«Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան»,-նշեց նա։ Ըստ Քոչարյանի, քրեական գործի և ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս «երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը»։

«Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել իմ կողմնակիցների ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,- եզրաձակեց երկրորդ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: