ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանը ողջամիտ ժամկետում հնարավոր է համարում հայ գերիների վերադարձը

Ռոբերտ Քոչարյանը ողջամիտ ժամկետում հնարավոր է համարում հայ գերիների վերադարձը

ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում իր հաղթանակի դեպքում հնարավոր է համարում ողջամիտ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին նա այսօր ասաց Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ` պատասխանելով ներկաներից մեկի այն հարցին` եթե հունիսի 7–ին Քոչարյանը հաղթի և երկրի ղեկավարությունը ստանձնի, ի՞նչ ժամկետներում ու պայմաններով է պատկերացնում գերիների վերադարձը, և արդյոք հնարավո՞ր է դա։
 
«Համոզված եմ, որ հնարավոր է նրանց վերադարձը, համոզված եմ նաև, որ այս իշխանություններն այդ հարցով չեն զբաղվում. ասում են` սա նուրբ թեմա է, այս մասին եկեք չխոսենք, մենք դրանով զբաղվենք լռությամբ։ Մինչդեռ իշխանություններն ուզում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա Բաքվի բանտերում, որպեսզի հեղիակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ և չփորձեն միավորել արտագաղթած մարդկանց ինչ–ինչ նպատակների համար»,– հայտարարեց նա։
Ըստ Քոչարյանի` ամոթալի էր, որ Վաշինգտոնում խաղաղություն կոչված այդ նախագիծը ստորագրելիս գերիների թեման չբարձրաձայնեցին, մինչդեռ դա որպես նախապայման պետք է դնեին։
«Ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել. ես չեմ կարող ասել, որ 3–5 ամսում դա հնարավոր կլինի, սակայն այդ հարցը ողջամիտ ժամկտներում կարող է իր լուծումը ստանալ։ Ես այդ հնարավորությունը տեսնում եմ»,– վստահեցրեց նա։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով` այս հարցը լինելու է իրենց կողմից հետագա խաղաղության պայմանագրի ստորագրման ու բանակցությունների մի մասը։

  • Կիսվել: