երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չի եղել

Ռոբերտ Քոչարյանը Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չի եղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ Թուրքիայի հետ սահմանի բացմանը, նրա կարծիքով, սակայն, Հայաստանն այդ հարցում չպետք է խնդրողի դերում լինի: Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝  բնական է, որ երկու երկրների սահմանը պետք է բաց լինի, բայց Հայաստանում գյուղացին, արտադրողը պետք է պաշտպանված լինեն: Քոչարյանն այս մասին ասաց փետրվարի 17-ին կայացած ասուլիսում:

«Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել: Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր: Եվ մենք՝ որպես հաղթած կողմ, ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք: Իմ բանաձևը հետևյալն է՝ մենք սահմանը չենք էլ փակել: Սահմանը փակ է մյուս կողմից: Հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել»,-ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, սակայն, այդ սահմանն ինչ-որ տեղ հայկական շուկան պաշտպանող գործոն է հանդիսացել. այն ժամանակ, երբ Հայաստանում  նոր-նոր ձևավորվել է վերամշակող արդյունաբերությունը, այդ փակ սահմանն ինչ-որ տեղ օգնել է:

«Դա մեզ հնարավորություն տվեց մի շարք ոլորտներում բավականին լուրջ հաջողություն գրանցել: Եթե իրենք ասեին, որ բացում են սահմանը, ուրեմն մենք շատ արագ կկիրառեինք բավականին լուրջ մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար: Եվ հիմա էլ դա պետք է անել: Ուղղակի այն ժամանակ մեր դիրքերն ուրիշ էին: Այն ժամանակ մենք օրակարգ թելադրող էինք»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանը հավելեց՝ դեմ չէ, պետք է  սահմանը բացել, բայց պետք է հայ գյուղացուն պաշտպանել: «Չպաշտպանես՝ ուղղակի ավերելու ես այն, ինչ այսօր կա: Ջերմոցային տնտեսությունները աղետի են ենթարկվելու, մշակաբույսերը բոլորը պետք է փոխեն: Կարտոֆիլ արտադրողների համար լրջագույն խնդիր է լինելու: Հասկանո՞ւմ է դա մե գյուղացին, թե՞ ոչ, չգիտեմ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը

Նա նշեց՝ 1998 թթ հավկիթի 98 տոկոսը ներմուծվում էր Հայաստան: Այն ժամանակ ինքը մի քանի արտադրողների հավաքել է խորհրդակցության թեման մեկ տարում փակելու համար: «Իմ առջև խնդիրներ էի դրել, որոնցից մեկն էր սահմանափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստան, Վրաստանով էր ներմուծվում, սահմանափակեցին: Եվ 1 տարում մեր շուկայի 90 տոկոսն արտադրվում էր Հայաստանում: Հաջորդ տարում մենք սկսեցինք արտահանել Վրաստան: Հիմա այս իշխանությունն այդ համարձակությունն ո՞ւնի. չեմ կարծում»,-ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ այդ սահմանի բացումից թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան Հայաստանը: « Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք: Մենք պետք է  ասենք հետևյալը՝ բնական է, որ երկու երկրների սահմանը պետք է բացվի: Անբնական է այն, որ ընդամենը 1 տարի առաջ Թուրքիայի բայրաքթարներով սպանում էին մեր զինվորներին: Եվ ես համոզված եմ, որ այդ բայրաքթարի օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին: Ուրեմն մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»,-ասաց նա՝ հավելելով, որ հարցը բազմաշերտ է:

  • Կիսվել: