Ռեֆորմիստների կուսակցությունը խոստանում է նոր որակ բերել քաղաքական մշակույթ
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին քարոզարշավին մայիսի 18-ին Ռեֆորմիստների կուսակցության մի քանի ներկայացուցիչ մեկնել է Աշտարակ՝ ընտրողների հետ հանդիպում-քննարկումների։
Կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը մեկնելու ճանապարհին տեսանյութի միջոցով անդրադարձել է մի շարք հարցերի՝ նշելով, որ իրենց ընտրվելու պարագայում նոր որակ կբերեն քաղաքական մշակույթ։
«Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։ Բոլոր հիմնական փորձագետները, հարցումները և տեղեկատվական հոսքերը մարդկանց տրամադրում են, որ ընտրական գործընթացներում շանս ունի անցնելու մի քանի ուժ։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու»,-նշել է նա։
Բաբայանը կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները։
«Մեր խնդիրն է այս 20 օրվա ընթացքում ծանոթացնել մեր ծրագրերին, վարչապետի մեր թեկնածուի հետ, որովհետև մեր թեկնածուն տարբերվում է բոլորից իր հավասարակշռված պահվածքով, կիրթ և համեստ լինելով, իր հայրենիքին մատուցած աշխատանքով։ Մենք մեր պրոֆեսիոնալ թիմով կարող ենք նոր որակ բերել քաղաքական մշակույթ, բանավեճի որակ բերել քաղաքացիական մշակույթ, կարող ենք զբաղվել օրենսդրական փոփոխություններով, ռեֆորմներով, որպեսզի մեր երկիրը բարեփոխվի։ Մեր խնդիրը մեր երկրում կատարվելիք դրական փոփոխություններն են։ Ընտրվելու դեպքում մենք այդ դրական փոփոխությունները կբերենք Ազգային ժողով, դրանք օրենքի ուժ կստանան, և դրա արդյունքը կտեսնեք»,-հավաստիացրել է Վահան Բաբայանը։


