ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրներով Մարուքյանը գրությամբ դիմել է Մհեր Գրիգորյանին

ՌԴ-ում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրներով Մարուքյանը գրությամբ դիմել է Մհեր Գրիգորյանին

ՌԴ-ում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրներով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Գրառման մեջ նա նշել է.

<Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է:

Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը։

Այս կապակցությամբ դիմել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-գրառման մեջ նշել է Մարուքյանը։

Բոլորս մեր գործը պետք է լավ անենք, համախմբված լինենք, որ թիկունքն ուժեղ լինի, քանի դեռ զենք վերցնելու և սահման գնալու անհրաժեշտությունը չկա։

  • Կիսվել: