հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ում ամենաբացասական արձագանքը լսել եմ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի մասին․ Ալեն Սիմոնյան

ՌԴ-ում ամենաբացասական արձագանքը լսել եմ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածի մասին․ Ալեն Սիմոնյան

Ես տեղեկություն չունեմ, որ նման դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ, եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ պարզաբանում ստանալու ռուսական կողմի դիմումին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սինոնյանը։

«Ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է և կարելի է ասել մի քիչ ուշացած է, կարծում եմ էլի մարդիկ կան, որ ՀՀ շահերը ոտնահարելով՝ պետք է գիտակցեն, որ ՀՀ-ում անցանկալի անձ են։ Եկեք մի բան հասկանանք, այս քայլով չպետք է ֆիքսենք, թե ՌԴ-ն մեզ համար այլևս անցանկալի պետություն է, մի՛ տարեք այդ ուղղությամբ, նման բան գոյություն չունի։ Այո, կան հարցադումներ, որ մենք բարձրացրել ենք և բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի տարեք այն ուղղությամբ, որ այսօրվանից մենք դաշնակից պետություններ չենք»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը ընդգծեց, որ Հայաստանը ՌԴ-ից ակնկալում է իրենց պայմանագրերով և ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա իրական քայլեր։

«Մեր ռուս գործընկերներին ես շատ հանգիստ ու վստահ կարողանում եմ ասել, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունը թերևս ամենապրոռուսականներից մեկն է և իրենք դրա հետ համաձայն են։ Վերջին հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց որ ուրախ է, որ շփումները ավելի շատ են, քան նախորդ՝ ՀՀԿ-ական իշխանության օրոք։ Ունեցել ենք մարդիկ, որ ռուսերենին չեն տիրապետել ու մեր կապերը շատ ավելի վատ են եղել։ Այսօր մենք ունենք միջպառլամենտական շատ ավելի սերտ հարաբերություններ։ Ամենաբացասական արձագանքը ՌԴ-ում լինելու ժամանակ ես լսել եմ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ական կառավարման ժամանակահատվածի մասին»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

  • Կիսվել: