ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն, սթափ գնահատելով «պատժամիջոցային ցասումը», ձեռնարկել է համապատասխան հակաքայլեր. Կոպիրկին

ՌԴ-ն, սթափ գնահատելով «պատժամիջոցային ցասումը», ձեռնարկել է համապատասխան հակաքայլեր. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Արմենպրեսի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներին ու  ռուսական արժույթի արժեզրկմանը և մեկնաբանել, թե այդ ամենն ինր ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ՌԴ երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է:

Այս առնչությամբ դեսպանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը չի ճանաչում միակողմ պատժամիջոցները: Մենք դրանք համարում ենք անօրինական և միազգային իրավունքի ոգուն ու տառին հակասող, համաձայն որի՝ հարկադրանքի մեթոդներ կարող է ձեռնարկել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Դրա հետ մեկտեղ, ռուսական տնտեսական ու ֆինանսական համակարգի ղեկավարությունը, սթափ գնահատելով «պատժամիջոցային ցասումը», որում գտնվում են շատ արևմտյան քաղաքական գործիչներ, ժամանակին ձեռնարկել են համապատասխան հակաքայլեր: Կայուն բանկեր, առևտրային և ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգեր, ներմուծման փոխարինման ակտիվ աշխատող ծրագիր. շատ բան է արվել տարիների ընթացքում՝ այն պահից ի վեր, երբ արևմտյան գործընկերներն առաջին անգամ պատկերացրին, թե ի զորու են ստիպել մեզ պատժամիջոցների ճանապարհով հրաժարվել սեփական ազգային շահերը պաշտպանելու սուվերեն իրավունքից: Միայն հիշեցնեմ, որ Վաշինգտոնի կողմից վերջերս ընդունած պատժամիջոցների փաթեթը դարձավ արդեն «հետհոբելյանական» 101-րդը: Եվ այս ուղղությամբ դեռ շատ բան է արվելու՛՛:

Նա հավելել է, որ մշակված գործիքակազմը վերաբերում է նաև իրենց եօտարերկրյա գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունների պաշտպանությանը, հատկապես նրանց հետ, ում հետ իրենց միավորում են ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմները։

՛՛Ի դեպ, խորհրդանշական է, որ «պատժամիջոցների ցասման» նոր փուլը համընկավ Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հաջող նիստի հետ, որում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մ.Վ. Միշուստինը հայտարարեց նոր ինտեգրացիոն նախագծի՝ «Եվրասիական ագրոէքսպրես»-ի մասին, որը նախատեսված է մասնակից երկրների միջև պարզեցնելու և արագացնելու լոգիստիկ ընթացակարգերը գյուղատնտեսական ապրանքների առևտրի մեջ՛՛,-ասել է Կոպիրկինը:

 

  • Կիսվել: