չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն սկսել է գիտակցել, որ չէր կարելի մեզ հետ վերաբերվել «հայերը փախչելու տեղ չունեն» սկզբունքով. Խոսրով Հարությունյան

ՌԴ-ն սկսել է գիտակցել, որ չէր կարելի մեզ հետ վերաբերվել «հայերը փախչելու տեղ չունեն» սկզբունքով. Խոսրով Հարությունյան

Ռուսաստանի նախագահն իր երեկվա խոսում, մեծ իմաստով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թողեց բացառապես Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Այս մասին, այսօր «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով:

«Նա պարզ ասաց՝ ընտրությունը ձերն է, մենք ձեր ընտրության հետ կհաշտվենք: Այլ հարց է, որ այսօրվա իրավիճակում նման մեկնբանությունները որքանով են հույս ներշնչում, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ապագան կարող է քիչ, թե շատ լինել հասկանալի, ընկալելի: Մի բան պարզ է, որ Արցախի ֆիզիկական գոյությունն այսօր պայմանավորված է բացառապես ռուսական խաղաղապահների ներկայությամբ: Ակնարկը հետեւյալն էր՝ եթե ՀՀ իշխանությունները որոշել են ձեռքները լվալ Արցախից, եթե Հայաստանի ժողովուրդը գտնում է, որ Արցախը ինչ-որ կարգավիճակով պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, ես ի՞նչ պետք է անեմ: Սա է իրողությունը:

Ես հիացած չեմ Հայաստանի հանդեպ ՌԴ վարած քաղաքականությամբ, բայց այդւոհանդերձ, մենք մեր մեջ պետք է փնտրենք բոլոր խնդիրների լուծումները: Եթե ՀՀ իշխանություններն իրավամբ ասում են, որ ցավոք, 44-օրյա պատերազմից հետո այլեւս որեւէ ռեսուրս չունենք Արցախի անվտանգության պատասխանատվությունն ստանձնելու, նման բանաձեւման պատասխանը այլ, քան երեկ հնչեցրեց ՌԴ նախագահը, չէր կարող լինել: մենք չենք կարող անընդհատ ուրիշներից բան պահանջենք՝ ոչինչ չանելով»,-ասաց նա՝ բացառելով, որ Արցախը որեւէ տարբերակով կարող է խաղաղ գոյակցել Ադրբեջանի հետ այդ պետության կազմում:

Խոսրով Հարությունյանի խոսքով, երեկ Պուտինն ասաց՝ գնացեք ընտրություն կատարեք, ընտրությունը ձերն է. «Վաշինգտոնը Հարավային Կովկասում լրջագույնս, գլխավոր դերակատարումը ստանձնելու կուրս է վերցրել: Ուզում է դառնալ գլխավոր մեդիատորը, որը պատրաստ չէ իր ազդեցությունը որեւէ մեկի հետ կիսել՝ ոչ Թուրքիայի հետ, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ: Դրան նպաստող պայմաններ էլ կան՝ ՌԴ-ի ազդեցության նվազումը: Արեւմուտքը դա օգտագործում է եւ չի կանգնելու այդ ճանապարհին: Հետո թե ում կպատվիրակի իր այդ դերակատարումը տարիներ անց, դժվար է ասել:

Սա նաեւ Ռուսաստանի խնդիրն է, այնպես չէ, որ կարող են ասել՝ հայեր, գնացեք դուք մտածեք: Ռուսաստանն էլ մտածելու բան ունի: Արդյոք Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերը այս տարածշրջանում, որին ամեն ինչում ընդառաջում են: Ռուսաստանը Հայաստանից ավելի վստահելի ռազմավարական գործընկեր չի կարող ունենալ: Ռուսաստանն ուշացումով սկսել է գիտակցել, որ հայերի հանդեպ չէր կարելի վերաբերվել «հայերը փախչելու տեղ չունեն» սկզբունքով: Դա կործանարար էր»,-ասաց նախկին վարչապետը:

  • Կիսվել: