ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. դա մեր հաջողությունն է. ԱԽ քարտուղար
Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, եւ դրա հիմնական նպատակն է, որ այն խնդիրները, որոնք մնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաեւ Հայաստանի կարողություններն ավելացնել: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք բազմիցս խոսել ենք Հայաստանի անվտանգության եւ դիվերսիֆիկացիայի մասին, եւ դիվերսիֆիկացիան մեր հիմնական առաջնահերթությունն է: Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք մեծ ծավալով ջանքեր ներդնել, որ կարողանանք հաջողություն ունենալ:
Հաջողություններից մեկը մեր ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք ՌԴ-ի հետ: Այսօր այդ թիվը 96-ից իջել է 10 տոկոսից էլ ցածրի: Դա վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարեւոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան, և մենք փնտրում ենք այլ գործընկերներ»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով, իրենք նպատակ ունեն, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը. «Սա մեր ռազմավարական նպատակն է: Նաեւ ուզում ենք ունենալ 4-5 գործընկերներ, որոնցից յուրաքանչյուրի հետ ծավալը 20 տոկոսից չի գերազանցի»:
ԱԽ քարտուղարի խոսքով, Հայաստանը փնտրում է գործընկերներ նաեւ տնտեսական հարցերով դիվերսֆիկացիայի համար. «Տնտեսության բազմազանեցումը եւս կարեւոր է: Այսօր աշխարհում գրեթե բոլոր երկրները փնտրում են բազմազանեցում:
Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության ամրապնդումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը: Մեր նպատակը նաեւ նա է, որ բազմազանեցման գործընթացը սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:



