շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են կապի ալիք ստեղծելու հնարավորությունը

ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են կապի ալիք ստեղծելու հնարավորությունը

Ադրբեջանի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներ Ալի Նագիեւը և Արմեն Այվազյանը Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի միջնորդությամբ Մոսկվայում կայացած հանդիպմանը նշել են տեղեկատվության փոխանակման համար կապի ալիք ստեղծելու կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:

Հատուկ ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Հանդիպմանը նրանք նշել են անհրաժեշտության դեպքում տեղեկատվության փոխանակման համար համապատասխան կապի ալիքի կազմակերպման կարեւորությունը՛՛:

Նշվում է նաև, որ հատուկ ծառայությունների ղեկավարները Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հետ կապված՝ քննարկել են Ղարաբաղում բախումները դադարեցնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացիկ իրավիճակը, տարածաշրջանում միջազգային մարդասիրական օրենսդրության պահպանումը, ինչպես նաեւ ՛՛սահմանների անվտանգությունն ու ազատագրված տարածքներում ահաբեկչության դեմ պայքարը՛՛ ապահովելուն վերաբերող հարցեր:

Հաղորդվում է նաեւ, որ  քննարկվել են անհետ կորածների որոնման, գերիների փոխանակման եւ հակամարտության զոհերի հուղարկավորությունների վայրերը պարզելու, ինչպես նաեւ ՛՛անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ՛՛:

 

  • Կիսվել: