չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ–ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում. Օվերչուկ

ՌԴ–ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է փոխվարչապետը։

Նա նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, որ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային կապ։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ Նրա գնահատմամբ, սա նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանի կայունության և տարածաշրջանային բոլոր պետությունների տնտեսական զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքի ապացույցն է։

Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է հայկական շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների ներմուծման համար, ինչպես նաև մեծացնում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։

«Խորհրդանշական է, որ այս երկաթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - հավելել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ նոր երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունք է։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին այս երթուղով տրանսպորտի կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար», - եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

  • Կիսվել: