Ռազմավարական հռչակագիրը մեր հարաբերությունները բարձրանում է նոր մակարդակի․ Խորվաթիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետքարտուղար
Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը Հայաստանի ու Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձություն է համարում։ Նա վստահ է, որ հռչակագիրը երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացնի համագործակցության նոր մակարդակի մի շարք ոլորտներում։
Այս մասին Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջաններում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։

Զրույցի ընթացքում նա նաև անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Խորվաթիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակին ու հեռանկարներին, Հայաստան-Եվրամիություն կապերի ընդլայնման շուրջ Զագրեբի տեսակետներին, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրադրությանը՝ մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Խորվաթ պաշտոնյան Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական նվաճում է համարել ոչ միայն երկու երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի համար:
Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերություններ
Ուրախ եմ նշել, որ վերջին տարիներին հայ-խորվաթական հարաբերությունները քաղաքական մակարդակում ակտիվացել են։ Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունները՝ ներառյալ ԵՄ-ի և Հայաստանի ռազմավարական գործընկերության օրակարգի արդիականացումը, նույնպես կարևոր շրջանակ են ստեղծում համագործակցության ընդլայնման համար։
Անցյալ տարվա նոյեմբերին ես շատ արդյունավետ քաղաքական խորհրդակցություններ անցկացրի Երևանում և կարող եմ վկայել մեր քաղաքական և տնտեսական կապերի հետագա ամրապնդման զգալի հետաքրքրության մասին, այդ թվում՝ տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության, գյուղատնտեսական-սննդային արդյունաբերության, ինչպես նաև մշակութային և գիտական համագործակցության ոլորտներում։ Հետաքրքրության կարևոր ոլորտ է նաև Խորվաթիայի փորձը ԵՄ ինտեգրման գործընթացներում, գիտելիքների և բարեփոխումների իրականացման փորձի փոխանցումը։
ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության փորձը հավաստի և թարմ հաջողության պատմություն է, որը մեզ դարձնում է վստահելի գործընկեր։ 2013 թվականին ԵՄ-ին անդամակցելուց ի վեր՝ Խորվաթիան ցուցաբերել է ուժեղ քաղաքական հանձնառություն գիտելիքների փոխանակման հարցում՝ աջակցելով 13 գործընկեր երկրների՝ ավելի քան 1000 տեխնիկական օգնության միջոցառումների։
Ուրախ եմ տեղեկացնել, որ Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Սլովենիայի առողջապահության նախարարությունն ընտրվել են Հայաստանի առողջապահության նախարարության հետ «Թվինինգ» ծրագրի համար: Այս համատեղ առողջապահական նախագիծը կարևորագույն իրադարձություն է՝ որպես Խորվաթիայի և Հայաստանի միջև այս տեսակի առաջին կառուցվածքային համագործակցություն: Այս նախագիծը գերազանցում է տեխնիկական օգնությունը, այն ներկայացնում է ռազմավարական գործընկերություն, որը կառուցված է ընդհանուր արժեքների, համերաշխության, ներառականության և հասանելի հանրային ծառայությունների նկատմամբ նվիրվածության վրա։
Մեկ այլ ոլորտ, որտեղ Խորվաթիան պատրաստ է կիսվել իր փորձով, ականազերծումն է: ԵՄ Արևելյան հարևանությունը Խորվաթիայի զարգացման քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մեր ուշադրության կենտրոնում է տեխնիկական օգնությունը՝ պատերազմից հետո կայունացման և վերականգնման (հատկապես մարդասիրական ականազերծման) և սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական անցման ոլորտներում ազգային փորձի և փորձագիտության փոխանակման միջոցով: Հատկապես ուրախ եմ լսել, որ Հայաստանի ականազերծման և փորձագիտության կենտրոնը (ACHDE) ԵՄ-ի հաջող մրցութային գործընթացից հետո ընտրել է խորվաթական DOK-ING ընկերության ռոբոտացված ականազերծման համակարգեր: Վստահ եմ, որ այս նախագիծը զգալիորեն կբարձրացնի պատերազմի պայթուցիկ մնացորդներից տուժած տեղական համայնքների անվտանգությունն ու պաշտպանվածությունը և կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդման ջանքերին։
Միևնույն ժամանակ, մենք նաև ցանկանում ենք օգտագործել Հայաստանի փորձը։ Անցյալ տարի Երևան կատարած իմ այցի ժամանակ ես ոգևորված էի՝ այցելելով Հայաստանի ԹՈՒՄՈ կենտրոն, որը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ ԹՈՒՄՈ-ն ներկայացնում է թվային հմտությունների կրթության ոլորտում ստեղծագործականության և տեխնոլոգիաների առաջադեմ համադրություն, և մենք կցանկանայինք այս նորարարական երիտասարդական ծրագիրը բերել նաև Խորվաթիա։ Պետք է ասեմ, որ սա այն նախագիծն է, որում ես անձամբ եմ ներգրավված։
Չպետք է մոռանանք Խորվաթիայի և Հայաստանի միջև դարավոր պատմական, մշակութային և հոգևոր կապերի մասին։ Մենք ունենք ընդհանուր սուրբ՝ Սուրբ Վլասիուսը, որը Դուբրովնիկի հովանավորն է՝ 10-րդ դարից ի վեր, և որը հայկական ծագում ունի։ Ինչպես նաև Յոսիֆ Մարինովիչը, որը գրել է Արևմուտքում հայերի առաջին պատմությունը դեռևս 18-րդ դարում։

Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրում, որը տեղի է ունեցել Խորվաթիայի վարչապետի՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան կատարած այցի շրջանակներում։
Խորվաթիայի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը վարչապետ Պլենկովիչի և վարչապետ Փաշինյանի կողմից մեր երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձություն է։ Վստահ եմ, որ այն մեր հարաբերությունները կբարձրացնի համագործակցության նոր մակարդակի մի շարք ոլորտներում (տարածաշրջանային և միջազգային համագործակցություն, անվտանգություն, պաշտպանություն և արդարադատություն, տնտեսություն և ենթակառուցվածքներ, արդյունաբերություն, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և զբոսաշրջություն)։
Սա ներառում է համագործակցություն տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապի նախագծերում, մասնավորապես՝ միմյանց կապի նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Հավատացած եմ, որ համատեղ հռչակագիրը նաև արտացոլում է Խորվաթիայի և Հայաստանի՝ որպես հարուստ, բայց խոցելի էկոհամակարգերով փոքր երկրների մտահոգությունները, երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելուն։ Համատեղ հռչակագիրը կոչ է անում համագործակցել կայուն զարգացման նպատակների իրականացման, նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի խթանման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի նախագծերի շուրջ։
Ինչ վերաբերում է կայուն պարենի և գյուղատնտեսության համակարգերի շուրջ համագործակցությանը, Խորվաթիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և հայկական կողմի միջև հաստատվել է անմիջական կապ՝ կենտրոնանալով խելացի գյուղատնտեսության և առևտրի բարելավման ոլորտում համագործակցության վրա: Մենք տեսնում ենք զգալի ներուժ այս ոլորտում: Վերջապես, այս Հռչակագիրը կարևոր քայլ է մեր քաղաքական երկխոսությունը առաջ մղելու, ոլորտային համագործակցությունը խորացնելու և ապագային ուղղված երկկողմ օրակարգ սահմանելու գործում:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում
Եվրոպական քաղաքական համայնքը հիանալի ձևաչափ է այսօր Եվրոպայում մեր առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար, քանի որ դրանք սահմաններ չեն ճանաչում և պահանջում են լայն համաեվրոպական համակարգում: Խորվաթիան աջակցել է այս ֆորումին սկզբից ի վեր՝ որպես երկխոսության և համագործակցության եզակի հարթակ: Մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի թեմաները չափազանց արդիական էին՝ կապի ամրապնդում և ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդում:
Հարավային Կովկասը՝ ներառյալ Հայաստանը, կենսականորեն կարևոր առևտրային հանգույց է, որն ունի Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական կապը բարելավելու ներուժ՝ այսպես կոչված Միջին միջանցքի միջոցով: Կապը այլևս միայն ենթակառուցվածքների մասին չէ: Այն վերաբերում է անվտանգությանը, դիմադրողականությանը և Եվրոպայի երկարաժամկետ մրցունակությանը: Ուկրաինայում պատերազմն արդեն ցույց է տվել, թե ինչպես են էներգետիկ, տրանսպորտային և մատակարարման շղթաների խափանումները ազդում Եվրոպայի անվտանգության և դիմադրողականության վրա, իսկ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներն ավելի են ընդգծել էներգետիկ և առևտրային հիմնական ուղիների խոցելիությունը: Խորվաթիայի համար կապը ռազմավարական իրականություն է:
Խորվաթիայի աշխարհագրական դիրքն առաջարկում է Եվրոպայի և Ասիայի միջև ամենակարճ ծովային ուղիներից մեկը: Մեր նպատակն է օգտագործել այս դիրքը՝ մեր ավելի լայն տարածաշրջանի ընդհանուր դիրքը Եվրոպայում և համաշխարհային ասպարեզում բարձրացնելու համար: Այս համատեքստում Խորվաթիան անցյալ շաբաթ հյուրընկալեց «Երեք ծովերի նախաձեռնության» գագաթնաժողովը: Նպատակն է միացնել Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերը՝ մեր կապակցվածությունը բարելավելու համար: Մեր մոտեցումը առաջնորդվում է այն սկզբունքով, որ կապակցվածությունը պետք է ամրապնդի դիմադրողականությունը՝ տնտեսապես, էներգետիկ առումով և քաղաքականապես: Սա նաև զսպման և ռազմական շարժունակության հարց է, որը ձևավորում է ճգնաժամի ժամանակ գործելու և արձագանքելու մեր կարողությունը:
Խորվաթիայի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ամրապնդմանը
Թույլ տվեք շնորհավորել Հայաստանին Եվրոպական միության հետ առաջին գագաթնաժողովը հյուրընկալելու կապակցությամբ, որը պատմական քայլ է և արտացոլում է, թե որքան են խորացել մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հարգանքի վրա։
ԵՄ-ի ներգրավվածությունը կենտրոնացած է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմադրողականության ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության և կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև կապակցվածության բարելավման վրա՝ Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի համար անվտանգության և տնտեսական օգուտներ բացելու նպատակով։ Այս համատեքստում ԵՄ-ն ընդունել է 270 միլիոն եվրոյի «Դիմադրողականության և աճի» ծրագիրը 2024-2027 թվականների համար, ինչպես նաև Ռազմավարական գործընկերության ծրագիրը՝ Վիզաների ազատականացման ծրագրի հետ միասին։
Մեր համագործակցությունն արդեն իսկ բերում է իրական անվտանգության, տնտեսական և հասարակական օգուտներ։ ԵՄ-ն տեղակայել է քաղաքացիական առաքելությունը՝ սահմանային անվտանգությունը, կայունությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ դիմադրողականությունն ամրապնդելու համար։ Վերջերս հայտարարված ԵՄ նոր գործընկերության առաքելության ստեղծումը կխթանի Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը և ճգնաժամերի կառավարման կարողությունները։ ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է հարևան երկրների հետ խաղաղությանը և կարգավորմանը՝ տնտեսական զարգացման, կապակցվածության, միջսահմանային համագործակցության և վստահության ամրապնդման ծրագրերի միջոցով։ Օգնությունը ներառում է նաև ականազերծմանն աջակցություն, այդ թվում՝ ինչպես նշեցի, խորվաթական հայտնի DOK-ING ընկերության սարքավորումներ միջոցով, ինչպես նաև ներառում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն, որի համար Խորվաթիան նվիրաբերում է 250,000 եվրո: «Դիմակայունության և աճի» ծրագրի միջոցով ԵՄ-ն առաջ է մղում ժողովրդավարական բարեփոխումները, ներդրումները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացումը: ԵՄ-ՀՀ վիզայի ազատականացման վերաբերյալ նշանակալի երկխոսությունը, եթե Հայաստանը շարունակի առաջընթաց գրանցել չափանիշներին համապատասխան, պետք է հանգեցնի ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացմանը։
ՀՀ-ն նաև կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապակցվածության մեջ, մասնավորապես՝ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի միջոցով, որը և՛ հնարավորություն է, և՛ անհրաժեշտություն տարածաշրջանի և ԵՄ-ի համար, ինչը հաստատվում է ԵՄ-ՀՀ կապակցվածության գործընկերության մեկնարկով: Կապակցվածության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք ամրապնդում ենք կայունությունը: ԵՄ ներդրումները տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի ոլորտում նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի խթանմանը և դիմադրողականության ամրապնդմանը։
Խորվաթիան ամուր կերպով ողջունում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների ակտիվացումը, ինչպես ցույց են տվել այս գագաթնաժողովի արդյունքները: ԵՄ աջակցությունը հատկապես կարևոր է արտաքին միջամտության նկատմամբ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման և ժողովրդավարական առաջընթացի պաշտպանության առումով։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կունենան ոչ միայն ներքաղաքական, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն Հարավային Կովկասի համար։

Խորվաթիայի դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ
Խորվաթիան ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված նշանակալի քայլերը, այդ թվում՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնությունները և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: Սա պատմական նվաճում է ոչ միայն երկու երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի համար: Այս համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորումը, այդ թվում՝ սահմանների արագ բացումը, կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար:
Մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը: ԵՄ-ն, միջազգային գործընկերների հետ համատեղ, երկար ժամանակ աջակցել է երկու կողմերին էլ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում և կշարունակի դա անել: Մասնավորապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումները՝ որպես կայուն խաղաղության հասնելու և վստահության ամրապնդման միջոցառումներն առաջ մղելու կարևոր բաղադրիչ:
Խորվաթիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր փորձագիտական աջակցությունն առաջարկել Հայաստանին այս հարցում:
Մենք նաև ընդգծում ենք տարածաշրջանային կապի ամրապնդման և առևտրային ուղիների ապաշրջափակման կարևորությունը, որոնք կարող են շոշափելի օգուտներ բերել Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը: ԵՄ-ն առաջ է մղում այս նպատակները այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են «Գլոբալ դարպաս» ռազմավարությունը և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը՝ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս առումով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համապատասխանում է ԵՄ նպատակներին՝ նպաստելով տարածաշրջանային համագործակցությանը և կապակցվածությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը մայիսի 4-ին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Խորվաթիայի վարչապետի՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցի շրջանակներում։


