հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռազմական էսկալացիայի վտանգը պահպանվում է. քաղաքագետ

Ռազմական էսկալացիայի վտանգը պահպանվում է. քաղաքագետ

Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից ակնկալիքները մեծ չէին, քանի որ անմիջապես հանդիպումից առաջ Ադրբեջանն արդեն իսկ հանդես եկավ առավելապաշտական հայտարարություններով՝ շրջանառության մեջ դնելով ԼՂ կարգավորման վերաբերյալ իր տեսլականը, այսինքն՝ արդեն իսկ բանակցություններից առաջ այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել, որ մեծ ակնկալիքներ ունենալը լուրջ չէր լինի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օրբելի» կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպմանը:

Քաղաքագետը, ամփոփելով հանդիպումների արդյունքները, նշեց, որ բանակցությունները երկու հիմնական կողմ ունեին՝ բովանդակային բանակցություններ և բարենպաստ մթնոլորտի ձևավորմանն ուղղված բանակցություններ. խոսքը մասնավորապես լրագրողների փոխայցելության մասին է:

Հայկական կողմն իր հերթին ներկայացրեց իր սեփական դիրքորոշումները, ինչպես նաև կողմերը պայմանավորվեցին մյուս տարի շարունակել աշխատանքները: Մինասյանն արձանագրեց, որ բովանդակային մասով էական արդյունքներ չկան: Նա անդրադարձավ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ այնտեղ կարևորվեցին սահմանների համեմատաբար հանգիստ վիճակը, օպերատիվ կապի օգտագործումը հակամարտող կողմերի միջև, լարվածության նվազմանն ուղղված՝ կողմերի քայլերը, ինչպես նաև՝ մարդասիրական միջոցառումները՝ լրագրողների փոխայցելություններ և այլն:

Բանախոսը նշեց նաև, որ ևս մեկ անգամ կարևորվեցին երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին՝ իրենց դիրքորոշման մասին, և նշեց, որ այստեղ նորություն չկա.

«Սա տարիներ շարունակ Ադրբեջանի բարձրաձայնած հռետորաբանության արձանագրումն է»,-ասաց բանախոսը:

Նա միևնույն ժամանակ նկատեց նաև, որ այս հայտարարությունը խախտում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը: Այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, բանակցությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը բանակցում է մի բանի շուրջ, ինչը չկա իր հռետորաբանության մեջ, այսինքն՝ նա բանակցում է հայկական օրակարգի շուրջ:

Բանախոսներն անդրադարձան նաև հանդիպումներից հետո վերլուծաբաններից շատերի արտահայտած այն մտքին, թե Ադրբեջանի՝ շրջանառության մեջ դրված փաստաթղթից հետո Հայաստանն այլևս չպետք է գնար բանակցությունների, քանի որ արդեն իսկ ամեն ինչ պարզ է: Այս առնչությամբ Հովհաննիսյանն ասաց, որ այդ դեպքում մենք կկորցնենք մեր դիրքորոշումը բարձրաձայնելու մի կարևոր հարթակ, իսկ Ադրբեջանն էլ հենց դրան է ձգտում, որպեսզի ներկայացնի, թե հայկական կողմը տապալել է բանակցությունները: Ինչ վերաբերում է մեր հայտարարություններին՝ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակ ձևակերպեց մեր բոլոր, այսպես ասած, կարմիր գծերն այնպես, ինչպես բանակցությունների ընթացքում: Նա, ըստ բանախոսի, հստակ կարևորեց, որ առանց Արցախի մասնակցության ոչինչ հնարավոր չէ:

Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետի՝ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ասվեց հետևյալը. «Երբեք չեն զիջվի այն գծերը, որոնք ապահովում են Արցախի և Արցախի բնակչության անվտանգությունը»:

Հովհաննիսյանն ասաց. «Դրանք ԼՂԻՄ-ի սահմանները չեն, դրանք ավելի լայն սահմաններ են»:

Նա նշեց նաև, որ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Արցախը երբեք չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, և պետք է լինեն այնպիսի անվտանգության գծեր, որ Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը վտանգ չսպառնա:

«Արցախի կարգավիճակը և բնակչության անվտանգությունը մեր առաջնահերթություններ են, եթե այս կարմիր գծերը պահպանվեն, մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների»,-մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունը՝ ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե՝ եթե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն իսկ նշել են իրենց առաջնահերթությունները, ապա էլ ինչու՞ են շարունակում քննարկումները:

Նարեկ Մինասյանն այս առնչությամբ ասաց. «Սա նյարդերի խաղ է՝ յուրաքանչյուրն իր շահերն առաջ տանելու համար»:

Քաղաքագետը նշեց նաև, որ ռազմական էսկալացիայի վտանգը պահպանվում է, իսկ մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր պաշտպանական դիրքերը:

  • Կիսվել: