հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքները՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմքում, և միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ, և ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով լի ժամանակաշրջանում ամուր և համախոհ գործընկերությունների զարգացման կարևորությունը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը։

 

  • Կիսվել: