հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռազմական բժշկի համար մասնագիտությունը կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ․ Արմեն Մուրադյան

Ռազմական բժշկի համար մասնագիտությունը կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ներկայացրել է պատերազմի մասնակից  ռազմաբժշկական ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանի պատմությունը։ Մուրադյանը գրել է․

«ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանը պատերազմի մասին լուրն իմանալուն պես կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ` առաջարկելով իրեն ևս ներգրավվել այն աշխատանքներին, որոնք միտված էին օժանդակել մարտի դաշտում վիրավորված զինվորներին բուժօգնություն տրամադրելուն:
 
«Ես կցվեցի հոսպիտալներից մեկին: Մենք տարբեր աշխատանքներ էինք իրականացնում: Արել ենք այն ամենը, ինչ այդ պահին պահանջվել է` ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ բնույթի»,-պատմում է սովորողը:
Բուժհաստատություններից, զինվորական օդանավակայանից վիրավորներին հոսպիտալներ տեղափոխելու ընթացքում Արայիկը բազմաթիվ դեպքերի է ականատես եղել:
«Մեկ ոտքը կորցրած զինվորի էինք տեղափոխում: Հոսպիտալի մուտքի մոտ հանդիպեցինք նրա ընկերոջը, որն էլ կռվի դաշտում երկու ոտքն էր կորցրել. լավ տրամադրություն ուներ: Դա զարմացրեց մեզ, և այդ զինվորն ընկերոջը հարցրեց, թե որն է ուրախության պատճառը: Երկու ոտքը կորցրած հերոսը պատասխանեց. «Կյանքը շարունակվում է, իսկ ուրախ եմ, քանի որ մայրս նորից կտեսնի ինձ, մնացած ամեն ինչի հետ կարելի է համակերպվել»: Այս խոսքերը լսելուց հետո մեր կողմից տեղափոխվող հերոսի դեմքին ժպիտ եկավ»,- վերհիշում է ռազմական բժիշկը:
Արայիկ Ղուչյանի խոսքով` պատերազմի ժամանակ դժվարություններ եղել են, սակայն դրանք ավելի շատ հոգեբանական էին, քան մասնագիտական ու ֆիզիկական:
«Յուրաքանչյուր ապաքինվող զինվորի ժպիտի հետ ամեն բան հաղթահարվում էր»,-ընդգծում է նա` հավելելով, որ ամենամեծ և անդառնալի կորուստը մարդկային կյանքերն են, իսկ կորսված տարածքները, որտեղ թափվել է հերոս տղաների արյունը, մի օր անպայման կազատագրվեն:
Պատերազմից հետո, ինչպես նշում է ռազմական բժիշկը, շատ բան է փոխվել, ինչպես իր բնավորության մեջ, այնպես էլ` աշխարհայացքում:
«Սկսել եմ ավելի շատ սիրել ու գնահատել կյանքը, մանրուքները, որոնք ինձ համար այլևս մանրուք չեն: Որպես ռազմական բժիշկ` նպատակ ունեմ կատարելագործել գիտելիքներս, որպեսզի միշտ պատրաստ լինեմ մասնագիտական առումով անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին»,- նշում է նա:
Չնայած ընտանիքում բժիշկներ չեն եղել` ռազմական գործը սիրել է փոքր տարիքից:
«Սիրել եմ նաև բժշկի կատարած սուրբ աշխատանքը: Որոշեցի համատեղել այս երկու մասնագիտությունները և ընտրեցի ռազմական բժշկի ուղին: Կրկնակի մասնագիտությունը կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ»,- փաստում է սովորողը` հավելեով, որ եթե մասնագիտությանը սիրով ես վերաբերում, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում:
Մասնագիտացման ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել: Որոշել է` ինտերնատուրան ավարտելուց հետո, դեռ մի քանի տարի կաշխատի որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ, ապա կընտրի մասնագիտացում:
Արայիկ Ղուշչյանի կարծիքով` ռազմական բժիշկը պետք է լինի կարգապահ, նպատակասլաց, բանիմաց, իսկ նպատակին հասնելու համար պետք է ունենալ կամքի ուժ:
«Մեր ընտրած ճանապարը ոչ միշտ է հարթ. ժամանակ առ ժամանակ կարող են խոչընդոտներ լինել, որոնք հաղթահարվում են կամքի մեծ ուժի շնորհիվ»,-եզրափակում է մարտական գործողությունների ընթացքում վիրավորների բուժօգնությանը անվերապահորեն աջակցելու համար ՀՀ ՊՆ պատվոգրով պարգևատրված ԵՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետի սովորող Արայիկ Ղուշչյանը»:

  • Կիսվել: