Քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը. Սերժ Սարգսյան
Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանություններն ընդդիմադիրների վրա չեն կախում տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Ընտրություններին իր ղեկավարած ՀՀԿ-ի չմասնակցելն էլ, ըստ Սերժ Սարգսյանի, ոչ թե մեծահոգություն է մյուս ընդդիմադիրների նկատմամբ, այլ՝ սթափ հաշվարկի արդյունք։
«Այդ մասին կարող ենք դատել, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քանի 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։



