Քվեարկեցի, որ գերտերությունները մեր երկրում չպատերազմեն, չվերածեն ավերակների․ Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախընտրական պայքարի ընթացքում հաջողվել է ժողովրդին հասցնել, որ խոսքը ճակատագրական ընտրությունների մասին է։
«Ես քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինեն խելամիտ Հայաստանով, քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանն ավերակների, և եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որ Հայաստանը դառնա տրանզիտային մի հանգույց, որը որպես երկիր-կամուրջ կապող լինի ոչ միայն Արևմուտքի և Արևելքի, այլև Հյուսիսի ու Հարավի միջև»,- ասաց Զուրաբյանը 9/24 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո։
Զուրաբյանը շեշտեց, որ քվեարկել է այն Հայաստանի համար, որտեղ արմատախիլ կարվի թմրամոլության ու խաղամոլության խրախուսման այսօրվա պետական համակարգը։



