երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ն, փաստացի, կողմ արտահայտվեց «Շուշիի հռչակագրին»․ Ընդդիմադիր պատգամավոր

ՔՊ-ն, փաստացի, կողմ արտահայտվեց «Շուշիի հռչակագրին»․ Ընդդիմադիր պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Ազգային ժողովում այսօր իշխանությունը «խայտառակ ու ամոթալի» որոշում կայացրեց։

«Որ ասեմ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու այսքան ակնհայտ ողջունվի իշխող խմբակցության կողմից թուրքամետ քաղաքականությունը, նույնիսկ ես չէի սպասում, որ իրենց շատ լավ գիտեմ ուղնուծուծով», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թևանյանը։

Նա նշեց, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը, փաստացի, կողմ արտահայտվեց «Շուշիի հռչակագրին»։

«Կողմ արտահայտվեցին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվեցին «Զանգեզուրի միջանցքին», կողմ արտահայտվեցին թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին. սա բերելու է նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը համագործակցաբար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանը տանում է նոր կապիտուլացիայի։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։

Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:

  • Կիսվել: