երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՔՊ-ն միայնակ կառավարություն է ձևավորում․ Մուկուչյան

ՔՊ-ն միայնակ կառավարություն է ձևավորում․ Մուկուչյան

Պատգամավորների հաշվարկ չենք իրականացրել, և այս փուլում ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով քվեարկության արդյունքների վերջնական ամփոփման գործընթացին։

Հարցին՝ այս պահի տվյալներով ՔՊ-ն միայնակ կարողանո՞ւմ է կառավարություն ձևավորել, և «Պատիվ ունեմ»-ը բոնուսներով որպես 3-րդ ուժ մտնո՞ւմ է խորհրդարան, Մուկուչյանն արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ դա է պատկերը»։

«Պատգամավորների հաշվարկ չենք իրականացրել, և այս փուլում ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, որովհետև կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն, և արդյունքում կայացվի համապատասխան որոշում մանդատների բաշխման, դրանց քանակի մասին։ Գործընթացը կավարտվի 7-րդ օրը»,- պատասխանելով հարցին, թե որ ուժը քանի մանդատ կստանա՝ ասաց ԿԸՀ նախագահը։

Եթե ընդդիմություն չի ներկայացվում, ՔՊ-ն միայնակ խորհրդարան ձևավորու՞մ է հարցին, Մուկուչյանը պատասխանեց․ «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»։

Հարցին էլ՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանեց․ «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։

Իսկ թե արդյոք սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։

  • Կիսվել: