ՔՊ-ն կողմ կքվեարկի Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդություններին և չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»,-ասաց Կոնջորյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։
Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին։ Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։
Պատգամավորները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։