ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Լուսինե Բադալյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց Տարոն Չախոյանը:
2003 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը: Հայ արվեստի պատմության տեսության մագիստրոս է: 2003-ին անցել է Կապույտ մզկիթի «Պարսկերեն և իրանական մշակույթ» դասընթացը, 2013-ին՝ Սանտա Աննա ինստիտուտի (Սորենտո Լինգուե, Իտալիա) «Իտալերեն և իտալական մշակույթ» դասընթացը, 2015-ին՝ Միջազգային այցելու-առաջնորդների ծրագիրը IVLP (International Visitor leadership program, ԱՄՆ), 2022-ին՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրան («Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագիր):
1997-2019-ը աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Աշխատել է թիվ 61 միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ: Դասավանդել է «Լրագրության և հաղորդավարության հիմունքներ» առարկան ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում և «Աբելյան» արվեստի դպրոցում։
Մասնակցել է մի շարք ծրագրերի՝ «Կանայք գյուղատնտեսության մեջ» և «Օրգանական գյուղատնտեսություն» ծրագրերի լուսաբանում և տարածում (2016 -2019 թթ.), Գյուղատնտեսության ԵՄ օրգանական դեսպան (Organic Ambassador EU) (2017 թ.), «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ (2015 թ.), «Ժպիտների քաղաք» (City of Smile) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (2018-2021 թթ.):
2018 թվականին «Իմ քայլը» դաշինքով եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ, 2019-2021 թվականներին՝ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով, 2021-2026-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել:



