ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ-ն ավագանիում իր արբանյակ ուժի հետ անգամ չունի 50+1 տոկոս ձայն. Մանուկ Սուքիասյան

ՔՊ-ն ավագանիում իր արբանյակ ուժի հետ անգամ չունի 50+1 տոկոս ձայն. Մանուկ Սուքիասյան

Որ պահին չզեկուցվող հարց ներկայացվեց Երեւանի ավագանու նիստին, ՛՛Մայր Հայաստան՛՛ խմբակցությունն իր մասով չի ապահովելու քվորում: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ՛՛Մայր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ երկրում համապետական իշխանություն ունեցող ուժը Երեւանի ավագանիում չունի մեծամասնություն:

՛՛Անգամ իրեն կից արբանյակ ուժի հետ չունեն 50+1 տոկոս: ՔՊ կուսակցությունն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ: ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքն այս ամբիոնը դիտարկում է որպես երկրում քաղաքական իրողություններին արձագանքելու և երկրի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ իր ահազանգը հնչեցնելու հարթակ՛՛,-նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի աշխատանքները ենթակա են տապալման՝ հատկապես առաջիկայում սպասվող դատական ակտի լույսի ներքո:

Նա Երևանի բնակիչներին հորդորեց լինել զգույշ, քանի որ դատարանի որոշմամբ քաղաքապետարանի որոշումները կարող են համարվել առոչինչ:

Արձագանքելով նրա ելույթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. ՛՛Ուղղակի տեղեկացնեմ, որ դատարանն իրավասություն չունի նշանակելու նոր երդմնակալության արարողություն, և եթե ենթադրենք, որ Ձեր պնդումներն իրավական առումով հիմք ունեին, ապա այս ավագանին առհասարակ որևէ գործունեություն չպետք է ծավալեր, և մենք պետք է արդեն լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների՛՛:

Բացի այդ՝ Ավինյանը հորդորեց նաև ճշգրտել իրավական գնահատականները և կրկին անդրադարձավ երդմնակալության արարողությանը:

Դիմելով ավագանու ՛՛Մայր Հայաստան՛՛ խմբակցության անդամներին՝ նա ասաց. ՛՛Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, ապա, տրամաբանության համաձայն, մենք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հետևաբար, հարց՝ ի՞նչ գործ ունեք Դուք այս նիստին՛՛:

  • Կիսվել: